Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ 2015-2017թ.թ. ընթացքում ուկրաինական բանակի վերազինման համար հատկացվելու է 40 մլրդ գրիվնա (ավելի քան 3 մլրդ դոլար): Այս մասին գրում է ՈւՆՆ-ը:

«Սակայն հարկավոր է սովորել ապրել այն մտքի հետ, որ Ուկրաինային մշտապես վտանգ է սպառնալու: 2015-2017թ.թ. համար նախատեսված ծրագրի համաձայն՝ ռազմական տեխնիկայի թարմացման ու վերազինման համար հատկացվելու է ավելի քան 40 մլրդ գրիվնա: Սա թույլ կտա արդիականացնել, գնել եւ զորքերին տրամադրել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր եւ մոտորանավակներ: Եվ սա ընդամենը համեստ սկիզբն է»,- հայտարարել է Պորոշենկոն Կրեշչատիկայում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ:

Նախագահը նշել է, որ շքերթից հետո ուժային գործողության գոտի կուղեւորվի «հենց նոր գնված, թողարկված կամ վերանորոգված տեխնիկայի նոր շարասյուն»:

Ավելի վաղ Կիեւի Անկախության մայդանում Անկախության օրվան նվիրված շքերթ էր անցկացվել: