Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողության ընթացքում ավելի քան 720 ուկրաինական զինծառայող է զոհվել, եւս շուրջ 2.600 զինվոր վիրավորվել է: Այս մասին նշված է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի զեկույցում:
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում 722 զինծառայող զոհվել է 2.625-ը՝ վիրավորվել»,- ասվում է զեկույցում:
Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնը նաեւ հերքել է Դոնեցկի մարզում ուկրաինական զինծառայողներին շրջապատելու մասին տեղեկությունը:
«Վերջին երեք օրերի ընթացքում ոչ ոք շրջափակման մեջ չի հայտնվել»,- հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախագահ Անդրեյ Լիսենկոն: Նրա խոսքով, ուկրաինական զինվորները պահում են դիրքերը եւ շարունակում են հարձակվել ժողովրդական հանրապետությունների զինված խմբավորումների կողմից զբաղեցրած տարածքների վրա:
Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռուսամետ ակտիվիստները հայտարարել էին Կրասնոդոնում ուկրաինական դեսանտային ստորաբաժանմանն օղակի մեջ առնելու, ինչպես նաեւ Թելմանովո բնակավայրը գրավելու մասին: Բացի այդ, ԴԺՀ-ի շտաբի ներկայացուցիչները հաղորդել էին երկու խոշոր քաղաքների՝ Սեւերոդոնեցկի եւ Դեբալցեւոյի ուղղությամբ հարձակումների մասին:





























