Տրիպոլիի միջազգային օդանավակայանը, որը մարտական գործողությունների թատերաբեմի էր վերածվել դրա հանդեպ վերահսկողություն հաստատել ցանկացող տարբեր խմբավորումների միջեւ, վերջնականապես դադարել է գոյություն ունենալ:
Նախօրեին այն զավթած արմատական իսլամիստները հրդեհել են օդանավակայանի շենքը: «Newsru.com»-ի փոխանցմամբ, իսլամիստներն այրել են նաեւ «Ալ-Ասիմա» հեռուստաալիքի գրասենյակը՝ մինչ այդ գողանալով բոլոր սարքավորումները:
Հուլիսի 13-ից Լիբիայի գլխավոր օդանավակայանի համար մարտեր էին ընթանում այն վերահսկող գեներալ Խալիֆ Հաֆթարին աջակցող «Զինթանի բրիգադ»-ի եւ, այսպես կոչված, Կենտրոնական վահանի իսլամիստների միջեւ, որոնց թիկունքում Միսուրաթի խմբավորումներն են:
Չնայած բազում հրթիռային հարվածների հետեւանքով թռիչքուղին խիստ վնասվել էր, իսկ օդանավերի պարկը՝ գրեթե ամբողջությամբ ավերվել, օդանավակայանը շարունակում էր գործել, թեեւ հաճախ մայրաքաղաքի օդային տարածքը փակ էր լինում:





























