Պետերբուրգի բնակիչները հակապատժամիջոցների սահմանումից հետո սկսել են հաճախ Ֆինլանդիա մեկնել՝ մթերքներ գնելու համար: Վերջին օրերի ընթացքում նման զբոսաշրջիկների թիվն ավելանում է: Այս մասին գրում է «Ռոսբալտը»` վկայակոչելով «Iltasanomat.fi»-ին:
Ֆիննական արտադրանքի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ «K-Citymarket» խանութը Լապեենրանտում ստիպված է եղել ընդլայնել աշխատակիցների թիվը: Նշվում է, որ մթերքներն այնտեղից արկղերով են տանում, մեկ տուփում 24 փաթեթ պանիր եւ 20 յոգուրտ է տեղավորվում:
Բացի այդ, իրենք՝ ֆինները, շարունակում են գնել, այսպես կոչված, «Պուտինի պանիր»՝ «Valio» մթերքները, որոնք նախատեսված էինն Ռուսաստան արտահանման համար՝ նախքան հակապատժամիջոցների սահմանումը: Նման իրարանցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի համար նախատեսված մթերքն ավելի էժան է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ կառավարությունը մեկ տարի ժամկետով տավարի, խոզի, թռչնի մսի, ձկան, պանիրների, կաթի, մրգի եւ բանջարեղենի ներմուծման լիակատար արգելք էր սահմանել Ավստրալիայից, Կանադայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից:





























