Աբխազիայի հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին:

Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18:00-ի դրությամբ դրանց մասնակցել էր ընտրողների ավելի քան 55.84 տոկոսը: Այս մասին Միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուան: Ըստ «Ապսնիպրես»-ի, նա ասել է, որ Աբխազիայի նախագահի ընտրությունները կայացած են համարվում:

Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 20:00-ին, որից հետո հանձնաժողովի անդամներն անցել են ձայների հաշվարկմանը:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահական ընտրություններն անօրինական են, եւ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել դրանք:

Միաժամանակ, Եվրամիությունն աջակցել էր Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, եւ չի ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունները: Այս մասին ասված է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (EBC) պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան, Ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան եւ Պետանվտանգության ծառայության նախագահի պաշտոնակատար Ասլան Բժանիան: