Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների հետ կապված իրավիճակի շուրջ անհանգստություն է հայտնել:
Europe 1 ռադիոկայանին տրված հարցարույցի ժամանակ Ազնավուրը հայտարարել է, որ անհանգստացած է Իրաքում եւ Սիրիայում զարգացող իրադաձություններով: Նրա խոսքով՝ Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման կողմից հետապնդվող մարդկանց օգնություն է անհրաժեշտ, հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը:
«Չի կարելի եսասերի պես ապրել: Մենք պետք է փրկենք այդ մարդկանց: Հրավիրեք նրանցից մեկին ձեր տուն, օգնեք գտնել բնակարան», - կոչ է արել Ազնավուրը:
Ազնավուրը նաեւ կոչ է արել չփորձել պայմանավորվել ջիհադիստների հետ, քանի որ ոչ ոք չպետք է որեւէ բան քննարկի մարդասպանների հետ: «Պետք է նրանց պես գործել: Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման», - հայտարարել է Ազնավուրը:





























