Տեղեկություններն այն մասին, թե «Արմավիա» ավիաընկերությունը օդի տուրքի հսկայական պարտք է կուտակել, չեն համապատասխանում իրականությանը։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ հավելելով, թե պետբյուջե կատարվող փոխանցումները հայտնի են դառնում կոնկրետ եռամսյակի վերջում։ «Մենք չգիտենք, թե այդ տեղեկությունները ինչպես են հայտնվել մամուլում, եւ ընկերությունը, սկզբունքորեն, կոնկրետ այդպիսի պարտքեր չունի»,-ասաց Ավետիսովան։  

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, արդեն տեւական ժամանակ է, ինչ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը պետբյուջե չի փոխանցում ավիատոմսերի արժեքի մեջ ներառված 10 հազարական դրամները, ինչի հետեւանքով պետությանը մոտ 1 միլիարդ դրամի պարտք ունի։

Հիշեցնենք, որ նախորդ տարվանից, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ելքի համար գանձվող պետական տուրքը, որը կազմում է 10 հազար դրամ, ներառվել է տոմսի արժեքի մեջ։ Այն գանձվում է ավիատոմսերի վաճառքն իրականացնող ընկերությունը՝ պարտավորվելով գումարը փոխանցել պետբյուջե։