Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն ունի, եթե կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, Բրյուսելի մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Մասնավորապես, ըստ նրա, դրա համար Ուկրաինան պետք է հրաժարվի  արտադաշինքային կարգավիճակից:

«Մենք հարգում ենք Ուկրաինայի որոշումը: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել անվտանգության քաղաքականության բնագավառում: Ես չեմ պատրաստվում միջամտել երկրի ներքին քաղաքական քննարկումներին: Սակայն եթե Ուկրաինան կատարի  ՆԱՏՕ-ի անդամակցության անհրաժեշտ պահանջները, այդ թվում նաեւ  չեղյալ հայտարարի արտադաշինքային կարգավիճակի մասին կետը, նա դաշինքի անդամ դառնալու հնարավորություն ունի», — Ռասմուսենի խոսքերն է մեջբերում rbc-ukraina-ն:

Նա նշել է, որ Ուկրաինա-ՆԱՏՕ այսօրվա հանդիպմանն այդ հարցը չի քննարկվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստում, խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին կխնդրի իրեն  հատուկ  դաշնակցի կարգավիճակ տալ՝ ՆԱՏՕ-ից դուրս: 

Օգոստոսի 29-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա օրինագիծ կներկայացնի, որը  նախատեսում է  դաշինքներից դուրս գտնվելու երկրի կարգավիճակի վերացում եւ նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին: