Լեհաստանի իշխանությունների որոշումը, որով արգելվել էր ՌԴ պաշտպանության նախարարի թռիչքը երկրի օդային տարածքով, կազդի ՌԴ-ի եւ Լեհաստանի երկկողմ հարաբերությունների վրա եւ Ուկրաինայի հակամարտության թուլացման հաստատ չի հանգեցնի, կարծում է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ Շոյգուն Սլովակիայից Մոսկվա էր վերադառնում: Լեհաստանն արգելել էր նրա օդանավի թռիչքն իր օդային տարածքով, եւ օդանավը ստիպված վայրէջք էր կատարել Բրատիսլավայում:

ՌԴ ԱԳՆ-ի հետ բանակցություններից հետո Լեհաստանն ի վերջո թույլատրել էր թռիչքը: Բրատիսլավայում օդանավը վառելիք էր լիցքավորել եւ ուղեւորվել Մոսկվա:

 «Ես առայժմ երեկվա տեղի ունեցածի մանրամասները չգիտեմ, բայց ամեն դեպքում այս միջադեպը բոլորին, այդ թվում ինձ տարակուսանք է պատճառում», - ասել է Նարիշկինը Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Եթե մեր լեհ գործընկերները իրենց որոշումն ու գործողություններն ինչ-որ կերպ կապել են Ուկրաինայի ճգնաժամի հետ, ապա նման գործողությունները ուկրաինական խոր եւ արյունոտ հակամարտության ոչ մի թուլացման չեն հանգեցնի եւ երեւի թե կազդեն ռուս-լեհական երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել է Պետդումայի նախագահը: