Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն հուսով է, որ Եվրամիությունը հաստատակամ կլինի եւ կպնդի, որ Թուրքիան որպես ԵՄ անդամագրման նախապայման ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։

Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Դալիա Կուոդիտեն, որն իր ղեկավարած պատվիրակության հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

«Աշխահի տարբեր երկրներ մեկը մյուսի հետեւից շարունակում են ճանաչել Ցեղասպանությունը, մի քանի տարի առաջ էլ Լիտվան  ճանաչեց, ու ես ուրախ եմ, որ իմ կուսակիցները առաջ քաշեցին այդ օրինագիծը խորհրդարանում: Կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի բազմաթիվ այլ երկրներում, բայց կարծում եմ, որ հայ դիվանագետները պիտի ավելի ակտիվ աշխատեն, իսկ մենք մեր կողմից կանենք ամեն հնարավորը»,-ասաց նա:

Լիտվացի պատգամավորը նշեց, որ իր համար շատ կարեւոր է Ցեղասպանության թանգարանում գտնվելը, ու քանի որ ինքը երկար տարիներ եղել է Լիտվայի ցեղասպանության կենտրոնի տնօրենը, առնչվել է կոտորածների ու զանգվածային ոչնչացման լիտվական պատմությանը, շատ լավ է հասկանում այն հայերի զգացմունքները, ովքեր այցելում են Ցեղասպանության թանգարան: