«Մենք մեծ հույս ունենք, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, էլ ավելի շատ ջանքեր կներդնի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի եւ նախագահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ Ռուսաստանը էլ ավելի կակտիվացնի իր դերը այդ խնդրի լուծման հարցում»։ Այս մասին, ըստ «CNN-Turk»-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք տրամադրված ենք լուծել խնդիրները Հայաստանի հետ, բայց ղարաբաղյան խնդիրը խանգարում է մեզ առաջ ընթանալ այդ ուղղությամբ, ուստի հույս ունենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, օգտագործելով իրենց հեղինակությունը, կկարողանան հասնել այդ խնդրի լուծմանը, որպեսզի տարածաշրջանում վերջապես հաստատվի խաղաղություն եւ երկարատեւ համագործակցություն»,- ընդգծել է նախարարը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ ստորագրված էներգետիկ համաձայնագիրը չի խանգարի «Նաբուկո» նախագծին: «Նաբուկոն» շատ կարեւոր նախագիծ է եւ պետք է իրականացվի: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս կպայմանավորվենք Ադրբեջանի հետ գազային խնդիրներում եւ կարծում եմ, այդ համաձայնագիրը էլ ավելի վստահություն կհաղորդի այդ նախագծին",- ասել է Դավութօղլուն:



























