Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հուլիս ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 23 բողոք, իսկ ֆինանսական կազմակերպություններին չառնչվող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է հաշտարարի գրասենյակից, Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 23 բողոքներից 13-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից, քանի որ հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են կամ անհատ ձեռներեցներ, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ:
Հաշտարարի քննությանը ենթակա 10 բողոքներից 5-ը հուլիսին ստացվել են գրավոր տեսքով և ընդունվել են քննության, 5-ի պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում են, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձևակերպել իրենց պահանջները և ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից:



















