Սոմալիի ավելի քան մեկ միլիոն  քաղաքացի կարող է պարենամթերքի պակաս զգալ կապված երաշտի, սննդամթերքի գնաճի եւ շարունակվող կոնֆլիկտների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ http://www.bbc.co.uk/russian/  վկայակոչելով ՄԱԿ-ին:

Մոգադիշոյում կազմակերպության հատուկ դեսպան Ֆիլիպ Լազարինին ընդգծել է, որ վերջին վեց ամսում իրավիճակը կտրուկ վատթարացել է, ինչի կապակցությամբ պարենային ճգնաժամի անխուսափելիության մասին հարց է ծագում, ոը կարող է կանխել միայն անհապաղ միջազգային միջամտությունը:

Սոմալիում ավելի քան 200 հազար երեխա տառապում է թերսնումից, հավելել է Լազարինին:

Ինչպես նշում են ՄԱԿ-ում, հազարավոր անչափահասներ կարող են մոտ ժամանակներում մահանալ, եթե արտակարգ օգնություն չցուցաբերեն:

Այդ ընթացքում, ինչպես արդեն հաղորդում էին, ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

Այս պահին «Աշ-Շաբաբն» ակտիվ պայքար է մղում սոմալիական կառավարության դեմ, որին աջակցում են այլ պետությունների զինված ուժերը: