Սեպտեմբերի 2-ին Նեապոլում մեկնարկել է «Pizzafest»-ը՝ աշխարհում պիցցայի գլխավոր փառատոնը: Ամեն տարի այն անցկացվում է սեպտեմբերին՝ դառնալով իտալական հայտնի այս ուտեստի սիրահարների ուխտատեղին:

Ավանդաբար իրադարձության առիթով հավաքվում են հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: 11 օր ամբողջ Նեապոլը ողողվում է մոցարելլա պանրի, թարմ թխվածքի ու ռեհանի անկրկնելի բույրերով:

Ամբողջ աշխարհում պիցցան Իտալիայի խորհրդանիշ ու այցեքարտ է համարվում: Հենց Իտալիայում պիցցան Նեապոլի խորհրդանիշն է, որը պաշտոնապես նրա հայրենիքն է համարվում: Ամեն դեպքում՝ շատ նեապոլցիներ կարծում են, որ միայն իրենց մոտ է այն իրական:

Ցույց տալով իրենց սերն ու վերաբերմունքն ուտեստի հանդեպ՝ իտալացիներն ամեն տարի պատվում են այն «Pizzafest» փառատոնով:

Իտալիայում ապագա պիցցայի նախատիպը հայտնվել է մոտավորապես 10-րդ դարում, եւ հարյուրամյակներ շարունակ կլոր հացը (որոշ տվյալների համաձայն այն փոխառվել է հույներից)՝ համեմված սխտորով, սոխով, կանաչիներով ու ձիթապտղով, Իտալիայի հասարակ բնակչության սնունդն է եղել, աղքատների համար՝ նախաճաշ, ճաշ ու ընթրիք:

Ավելի ուշ՝ 16-րդ դարում, հենց նեապոլցիներն են մտածել պատրաստել հարթ խմորները՝ այն ժամանակ էկզոտիկ համարվոր լոլիկով: Պիցցան այժմյան տեսքով ի հայտ է եկել 19-րդ դարում, դարձյալ Նեապոլում: