Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Նկարիչների միության ցուցասրահում գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ Նիկոլ Աղաբաբյանի արվեստում Հայաստան աշխարհն է, հայրենի բնության պատկերները, մարդիկ: «Շնորհակալ եմ Հայաստանի մերօրյա լավագույն նկարիչներից մեկին՝ իմ հին ու լավ բարեկամ Նիկոլ Աղաբաբյանին, որ իր նկարներից մի քանիսը սիրով նվիրեց եւ դրանք տեղ գտան «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու նպատակով կազմակերպված հայ նկարիչների նկարների ցուցահանդես-վաճառքում», - նշել է գերատեսչության ղեկավարը:

Նախարար Հ.Հակոբյանն ուրախությամբ ընդգծել է, որ Հայաստանի լեռներն ու բնությունը պատկերող նկարչի կտավները, ցուցադրվելով Սիրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, մեծ հպարտությամբ են համակել տեղի հայ համայնքի մեր հայրենակիցներին, սեր ու կարոտ արթնացրել նրանց մեջ Հայրենիքի նկատմամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը արվեստագետին բնորոշել է երեք առանցքային հատկանիշներով՝ որպես լավ մարդ, լավ քաղաքացի եւ ազգանվեր անհատականություն: «Մի առիթով Նիկոլն ասել է. «Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Մնացածը երանգներ են»: Կարելի է պատկերացնել, թե այսպես մտածող արվեստագետը որքան հայրենասեր պիտի լինի, - նշեց նախարար Հ.Հակոբյանը՝ հավելելով. «Իմ աշխատասենյակում նույնպես կախված է Նիկոլ Աղաբաբյանի՝ Գյումրիի եկեղեցիներից մեկը պատկերող կտավը, որի շնորհիվ  ամեն օր հաճույքով առնչվում եմ Նիկոլի  արվեստին»:

Գեղանկարչության, ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու, ինչպես նաեւ իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հ.Հակոբյանը Նիկոլ Աղաբաբյանին՝ Ծննդյան 50-ամյակի առթիվ պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Ս.Գեղամյանը հոբելյարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:

Հոբելյարը նշեց, որ մեծ սիրով է մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի համար կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին եւ հավաստիացրեց, որ հետագայում եւս պատրաստ է իր ներդրումը բերել նմանօրինակ նախաձեռնություններին: