Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զայրացնում են իր երկրի դերի վերաձեւակերպման մասին զրույցները համաշխարհային գործերում Մինսկում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ բանակցություններից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Համապատասխան հայտարարությունը բելառուս առաջնորդը կատարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ուղիղ եթերում:

Լուկաշենկոն նշել է, որ եթե ուշադիր հետեւեն բելառուսական լրատվամիջոցներին, հատկապես պետական, ապա հնարավոր է նկատել՝ նրանք «այդ թեման չեն շահարկել»:

«Սա ավելի շատ ձեզ մոտ՝ Ռուսաստանում են շահարկում. որոշ «խելացի» ընդդիմադիր լրատվամիջոցներ մեզ մոտ էլ  հաղորդում էին, որ Լուկաշենկոն ինչ-որ դիվիդենդներ է ստացել, համաշխարհային շուկա դուրս եկել»,- նշել է նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ նման դիրքորոշումն իրեն «զայրացնում ու հոգնեցնում է». «Ես որեւէ ասպարեզ դուրս գալու մղում չեմ ունեցել եւ չունեմ»,- ընդգծել է նա:

2014թ.-ի սեպտեմբերի 5-ին Մինսկում Ուկրաինա-Ռուսաստան- ԵԱՀԿ կոնտակտային խումբն Ուկրաինայի արեւելքում հակամարտող ուժերի միջեւ հրադադարի մասին արձանագրություն են ստորագրել: Լուկաշենկոն նախկինում հպարտանում էր, որ խաղաղ գործընթացի սկիզբը դրվել է հենց Բելառուսի մայրաքաղաքում: