Նոյեմբերի վերջին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կայցելի: Ինչպես նշվում է իտալական մամուլում, Հռոմի պապը նոյեմբերի 30-ին կլինի Ստամբուլում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Անդրեասի պատվին միջոցառման կապակցությամբ, ով Հունական պատրիարքարանի հիմնադիրն է դարձել:

Ինչպես նշվում է, այցը կոչված է ուշադրություն հրավիրել իսլամական աշխարհի հետ երկխոսության եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա: Կաթոլիկ աշխարհի ղեկավարը մեծամասամբ մահմեդական բնակչությամբ երկիր կատարելիք այցի ընթացքում հանդես կգա քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ, որոնք Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում ծայրահեղական խմբավորումների կողմից բռնության են ենթարկվում, հաղորդում է Թուրքիայի «TRT» Հեռուստառադիոնկերության կայքը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:

Թուրքիա կատարելիք այցից հետ Հռոմի պապը կուղեւորվի Հայաստան: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները նախապատրաստվում են առաջիկա այցին: