Երեւան է ժամանում աշխարհահռչակ լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնեւսկին: Հայ ընթերցողին նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունը՝ «Գրանդ» վեպը: Հանդիպումը բացառիկ է, քանի որ առաջին անգամ հայ ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցելու Վիշնեւսկու ստեղծագործությունը՝ հայերեն:

Գրքի հայերեն, ռուսերեն եւ ուկրաիներեն թարգմանությունները կատարվել են միաժամանակ: Հայերեն թարգմանության խմբագիրն է Զավեն Բոյաջյանը:

Սոպոտի «Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցող իրադարձությունները փոխում են մարդկանց ճակատագրերը: Մեր օրերում գործող այս հյուրանոցում տարբեր ժամանակներում բնակվել են Հիտլերը, Պուտինը, դը Գոլը, Մառլեն Դիտրիխը եւ այլոք: Հրեաների հոլոքոստի, քաղաքական ինտրիգների ու պարզ մարդկային հարաբերությունների մասին պատմությունները խաչվում են հյուրանոցային համարներում ու դառնում Վիշնեւսկու վեպի առանցքը: Իրեն հատուկ նրբությամբ՝ Վիշնեւսկին ներկայացնում է հերոսների ապրումներն ու զգացողությունները, վախերն ու երջանկությունը: Դավաճանության, հիշողությունների ու սպասումների մեջ խճճված հերոսների համար Վիշնեւսկին ունի միշտ գործող մի դեղատոմս՝ սերը:

Արդեն հաջորդ շաբաթ «Գրանդ»-ը կհայտնվի երեւանյան գրախանութներում:

Գրքի շնորհանդեսը, որին կմասնակցի նաեւ հեղինակը, տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` Երեւանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում:

Հիշեցնենք, որ «Գրանդ» պատմվածքի շնորհանդեսը «Գրական տապան» փառատոնի միջոցառումներից է: Ամենամյա գրական փառատոնը այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-28-ը եւ Հայաստան կբերի աշխարհի 11 երկրի գրողների: