Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար եւ նշել, որ  Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը, Դատախազությունն այս ոլորտում ԱՄՆ առանցքային գործընկերներն են: «Մեր աշխատանքի նպատակը Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է. օտարերկրյա ներդրողների համար չկա ավելի կարեւոր բան, քան դատարանների, արդարադատության համակարգի թափանցիկությունն է: Այս համաձայնագրով նախատեսված աջակցությունը կուղղվի ոստիականության, քրեակատարողական համակարգերի բարեփոխումներին, դատաիրավական ոլորտում նախատեսվող այլ աշխատանքներին»,- նշել է դեսպանը:

Հովհաննես Մանուկյանը նույնպես կարեւորել է երկու պետությունների կառավարությունների միջեւ համագործակցության շարունակականությունը եւ ընդգծել, որ ԱՄՆ աջակցությունն ուղղված  է Հայաստանի համար ամենակարեւոր ու զգայուն ոլորտներին՝ դատական համակարգին եւ քրեակատարողական ծառայությանը:

«Շնորհակալ եմ մեր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ այս համագործակցությունը շատ կարեւոր է մեր երկրի համար, որովհետեւ իրավական-դատական համակարգը, ինչպես նաեւ իրավունքի գերակայությունը  մեր Կառավարության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Արդարադատության նախարարը: 

Ֆինանսավորումը կօգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաեւ դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի եւ մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այն նաեւ կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը,  հակաթրաֆիքինգային եւ հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաեւ նոր քրեակատարողական  եւ պրոբացիոն համակարգի զարգացմանը: 

2001թ-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Այս օժանդակությունը եւ համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության  կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը: