Թբիլիսի են տեղափոխել Ուկրաինայի արեւելքում զոհված 27-ամյա աջարացի Արսեն Բերիձեի դին: Նրա հարազատները կտրականապես հերքում են ռազմական գործողություններին վերջինիս մասնակցությունը: Պաշտոնական տվյալներով՝ մահվան պատճառը երիտասարդի տան բակում ականի պայթյունն է եղել, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:
Վրաստանի քաղաքացու մարմինը հայրենիք ուղարկելու բոլոր ծախսերը պետությունն իր վրա է վերցրել:
Արսեն Բերիձեի մահը կրկին սրացրել է Դոնբասի իրադարձություններում վրացիների մասնակցության հարցը: Նախօրեին, ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Մարիուպոլի եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան այլ շրջանների պաշտպանների շարքերում պատերազմում են նաեւ վրացիներ:
Վրացի լրագրողները բացահայտել են, որ Դոնբասում առնվազն մեկ ջոկատ է գործում՝ Աբխազիայի պատերազմի վետերան Մամուկի Մամուլաշվիլիի գլխավորությամբ: Բացի այդ, ուկրաինական կամավորական ջոկատի կազմում է Վրաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակներում ռազմականացված «Մխենդրիոնի» խմբավորման առաջնորդ Դոդո Գուգեշաշվիլին:





























