Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը կոչ է արել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին՝ չեղյալ հայտարարել Բաքու իր այցը: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Austrian Presse Agence»-ը:
Լունաչեկի խոսքով՝ Սեբասիան Կուրցը պետք է չեղյալ հայտարարի իր այցը Բաքու ի նշան ադրբեջանական կողմի գործողությունների դեմ բողոքի, որը հրաժարվել էր մուտքի վիզա տրամադրել ավստրիացի լրագրող Յուե Բաուերին, որը ուղեկցում էր ավստրիացի նախարարին:
«Ես կոչ եմ անում ԱԳ նախարարին չեղյալ հայտարարել իր այցը Բաքու եւ դա կապել լրագրող Յուտա Բաուերին մուտքի վիզա չտրամադրելու հետ: Անթույլատրելի է դուրս թողնել հայտնի լրագրողին պատվիրակությունից, որն ուղեկցում է Ավստրիայի ԱԳ նախարարին»,-ասել է Լունաչեկը:
Հիշեցնենք, որ իր գործողությունները ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, որ լրագրողի անունը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է՝ ԼՂՀ այցելության համար:
Ինքը՝ Յուտա Բաուերը չի թաքցնում փաստը, որ 2011 թվականին այցելել է Հայաստան, որտեղից էլ մեկնել է Ստեփանակերտ: Նա իր այցի մերժումը կապում է Ադրբեջանի մասին իր քննադատական հոդվածների հետ:





























