ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում այսօր մեկնարկել է «Պարտապանի եւ նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում եւ միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովը: Վլադիկավկազ քաղաքում անցկացվող այս կոնֆերանսի աշխատանքները կտեւեն սեպտեմբերի 9-11-ը:

Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Վորոնեժում ու Եկատերինբուրգում եւ առանձնացել իրենց արդյունավետությամբ: Նշենք, որ սեպտեմբերից 8-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Օսիայում` ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով:

Համաժողովի բացմանը եւ հետագա աշխատանքների ընթացքում բանախոսների  կողմից պարբերաբար վկայակոչվել է Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության առաջադեմ փորձը եւ ընդգծվել, որ այն դրվել է առանձին հարցերի վերաբերյալ այլ երկրներում կատարված օրենսդրական բարեփոխումների  հիմքում: Այս համատեքստում կարեւորվել է հայաստանյան պատվիրակության անդամների մասնակցությունը նախորդ եւ ընթացիկ կոնֆերանսներին:

Օրվա երկրորդ կեսին համաժողովն  անցկացվել է ՀՀ  ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների համատեղ  նախագահությամբ,  որի ընթացքում պատվիրակները հանդես են եկել զեկույցներով:  Մասնավորապես, ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  իրակակիրառ պրակտիկան եւ կարգավորող օրենսդրությունը, համեմատական վերլուծություններ են անցկացվել այլ երկրներում օրենդրական կարգավորման վերաբերյալ: Պատվիրակները նաեւ պատասխանել են  համաժողովի մասնակիցներին հուզող  հարցերին, մեկնաբանություններ տվել քննարկվող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության արտաքին կապերի  բաժանմունքի պետ Գոհար Կուրղինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգեւատրվել է պատվոգրով` ռուսաստանյան ծառայություն հետ համագործակցության գործում ունեցած նշանակալի  ավանդի  համար: