Ուկրաինայի խորհրդարանը հաջորդ շաբաթ կքննարկի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին հատուկ կարգավիճակ տալու հարցը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ես կխնդրեի հավանություն տալտվյալ օրինագծին: Եվ կխնդրեի, որպեսզի մենք ոչ մի դեպքում չխափանենք խաղաղ գործընթացը: Մենք ասում ենք, որ  Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վերաբերյալ Ուկրաինայի օրինագիծը նախատեսում է այդ շրջանների հստակ կարգավիճակը՝ Ուկրաինայի կազմում: Ոչ մի ԼԺՀ եւ ԴԺՀ Մինսկի արձանագրությունում նշված չեն», - նշել է Պորոշենկոն:

«Արձանագրությունը նախատեսում է Ուկրաինայի ինքնավարության վերականգնում եւ պահպանում Դոնբասի տարածքում, այդ թվում նաեւ այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է գրոհայինների կողմից: Այդ տարածքը նույնպես կվերադառնա Ուկրաինայի իրավական դաշտ», - ընդգծել է նախագահը:

Միեւնույն ժամանակ ինքնահռչակված ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ ԴԺՀ-ի իշխանությունները Կիեւի հետ բանակցություններում կառաջնորդվեն իրենց ինքնավարության դիրքերից:

Ներկայումս հիմնախնդրի կողմերը գերիների փոխանակում են իրականացնում՝ հրադադարի շրջանակում: