ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երեւանում կայանալիք՝ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրելի եւ բարձրագույն կրթության եւ Էրազմուս ծրագրի ղեկավար պարոն Ադամ Թայսոնի հետ:

Կքննարկվեն նաեւ Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված այլ հարցեր: