Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Բարձր գնահատելով ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության արդյունքները` նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է գիտելիքահեն տնտեսության զարգացումը, եւ այս համատեքստում համագործակցությունը ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ պետք է ավելի բարձր մակարդակի վրա դնել:

«Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսը նշել է, որ երկուստեք արդյունավետ համագործակցության փորձը հնարավորություն է ընձեռում քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության եւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված նոր, հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաեւ մտավոր սեփականության պաշտպանության եւ կիբեր հանցագործության ոլորտներին առնչվող խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ նոր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը, որտեղ կամրագրվեն ընկերության հետ համագործակցության նոր ուղղությունները: Քննարկվել են նաեւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատորի ստեղծման եւ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA) հենքի վրա Մայքրոսոֆթի մոբայլ լուծումների/մշակումների կենտրոնի հիմնման հնարավորությունները:

Հանդիպման վերջում նախարար Կարեն Ճշմարիտյանը Փիլար Թորեսին հրավիրել է մասնակցելու ս.թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք «ԱրմԹեք 2014» գլոբալ համաժողովին, որի բացումն այս տարի կիրականացվի ՀՀ Նախագահի կողմից: