Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը:

«Ավստրալիան կդիտարկի ռազմատեխնիկական համագործակցության խորացման հնարավորությունը եւ, որպես առաջին քայլ, Ուկրաինային ռազմական հանդերձանքի եւ տաքացնող միջոցների խմբաքանակ կուղարկի», - հայտարարել է Էբոտը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նաեւ նշվում է, որ Ավստրալիայի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 1 մլն դոլար հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային:

«Ավստրալիայի վարչապետը բարձր է գնահատել Խաղաղ պլանի իրագործման Ուկրաինայի նախագահի գործողությունները եւ հրադադարի ռեժիմ մտցնելու վերջինիս ջանքերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավստրալիայի վարչապետ նաեւ մտադրություն է հայտնել պաշտոնական այցով այցելել Ուկրաինա: Նա հայտարարել է, որ Ավստրալիան Կիեւում ծրագրում է դեսպանատուն բացել, որն արդեն իր աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: