Ռուսաստանը մտադիր չէ սպառազինությունների նոր մրցավազքի մասնակցել, հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման հարցերով ժողովի ընթացքում:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը նոր «սպառազինությունների մրցավազք» է ցանկանում սկսել: Մենք, իհարկե, դրան չենք մասնակցելու: Պարզապես բացառվում է»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միայն պատասխան միջոցներ է ձեռնարկում անվտանգության ոլորտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես արդեն հայտնում էին, նրա խոսքով, Արեւմուտքի երկրներն ուկրաինական ճգնաժամն օգտագործում են Հյուսիսիատլանտյան դաշինքի նախկին դերը վերականգնելու համար:

«Շատ են նոր սպառնալիքները: Վերջերս Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին որոշում է ընդունվել: Ուկրաինայի ճգնաժամն, ըստ էության, հրահրվել ու ստեղծվել է մեր որոշ արեւմտյան գործընկերների կողմից, եւ այժմ կիրառվում է ռազմական այդ բլոկի վերականգման համար»,- հայտարարել է Պուտինը:

Սեպտեմբերի 10-ին Պուտինն անձամբ գլխավորեց Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովը: