Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերում գերմանացիները ցանկանում են ավելի անկախ լինել ԱՄՆ-ից:

AFP գործակալությունը, մեջբերելով Մարշալի գերմանական հիմնադրամի անցկացրած ամենամյա հարցման արդյունքները, գրում է, որ առաջին անգամ հարցվածների մեծամասնությունը՝ 57%-ը, արտահայտվել է տրանսատլանտյան համագործակցության շրջանակում Գերմանիայի ավելի ինքնուրույն քաղաքականության օգտին: Այս ցուցանիշը 17 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվանից:

Ըստ Deutsche Welle-ի ռուսական ծառայության, ստացված տվյալները վկայում են Միացյալ Նահանգների հանդեպ գերմանացիների՝ զգալիորեն ավելի քննադատական վերաբերմունքի մասին:

Այսպես, հարցվածների միայն 58%-ն է դրական կարծիք հայտնել ԱՄՆ-ի մասին: Անցյալ տարի այդ ցուցանիշը 68% էր: Զգալիորեն նվազել է հատկապես նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Նրա արտաքին քաղաքական ուղեգծի հետ համաձայն է գերմանացիների ընդամենը 56%-ը. անցյալ տարվա համեմատ՝28 տոկոսային կետով պակաս: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին Օբամայի քաղաքականությունը հավանության էր արժանացրել հարցված գերմանացիների 87%-ը: