Ավստրիան մտադիր է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքները նվազագույնի հասցնել՝ ձեռնարկությունների համար կարճ աշխատանքային օր սահմանելու հաշվին: Այս մասին այսօր հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը՝ արհմիությունների եւ պետության «սոցիալական այլ գործընկերների» հետ կառավարության անդամների հանդիպման ժամանակ: Այն նվիրված է եղել ուկրաինական ճգնաժամի արդյունքում ավստրիական տնտեսության համար հետեւանքները հաղթահարելուն:

«Մենք պետք է մշտապես հետեւենք, թե ինչպիսի հետեւանքներ են առաջանում պատժամիջոցների հետ կապված, եւ գործիքներ նախապատրաստենք: Մի կողմից՝ այդ կարճ աշխատանքային օրն է եւ ձեռնարկություններին աջակցությունը, որպեսզի նրանք չկորցնեն աշխատատեղերը, մյուս կողմից՝ նոր շուկաներ դուրս գալը»,- կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՓՐԱՅՄ-ը:

Կանցլերի տեղակալ, երկրի էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտտերլեների գնահատմամբ, ավելի քան 1.200 ձեռնարկություններ արդեն զգացել են ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների հետեւանքները: «Դրանցից հարյուրավորներն աջակցության կարիք ունեն»,- հայտարարել է Ֆայմանը: