Սեպտեմբերի 10-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը նշեց, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջեւ շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարեւոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակարգում, եւ այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նախարարի տեղակալը կարեւորեց վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը եւ հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվեցին համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ:
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը:
Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով:
Հայկական կողմից վերը նշված նիստերը վարում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը եւ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:




























