Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն սեպտեմբերի 10-ին քննարկել են հարցն այն մասին, թե ով է մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերի 21-30-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մասնակցելու համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Նշենք, որ անցյալ շաբաթ Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ նախագահի վարչակազմի հետ խորհրդատվություններ են անցկացվում, որպեսզի Մարգելաշվիլին չմեկնի ՄԱԿ: Նախարարը պնդում է, որՄԱԿ-ում երկիրը պետք է ներկայացնի միայն մեկ պատվիրակություն՝ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ:
«Նախագահի հետ բովանդակալից հանդիպում ենք ունեցել, քննարկել ենք շատ թեմաներ, կփորձենք գտնել բոլոի համար ընդունելի որոշում»,- հայտարարել է Փանջիկիձեն: Նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեի խոսքով՝ Մարգվելաշվիլին գոհ է հանդիպումից: «Աշխատանք է տարվում, որպեսզի Վրաստանն ըստ արժանվույն ներկայացվի ՄԱԿ-ում: Այս կապակցությամբ սերտ համատեղ աշխատանքներ են տարվելու ԱԳՆ հետ»,- նշել է Փխալաձեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Վրաստանի վարչապետն արդեն հայտարարել էր, որ կառավարությունը քննարկել է հարցը, որոշում է ընդունվել, որ ՄԱԿ ԳԱ կմեկնի վարչապետը: Սակայն նախագահը համաձանյ չէ. նա համարում է, որ ինքն է երկրի առաջին դեմքն ու ինքը կորոշի՝ մեկնել, թե ոչ:





























