Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պարզաբանել է հայ-թուրքական սահմանին օրինախախտի ձերբակալության մասին մամուլում շրջանառվող լուրերը:

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 2-ին, Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում (Երասխ բնակավայրի շրջանում) երկու տեղացիներ՝ Պետրոսյան Ռաֆիկը եւ Կարո Դավթյանը, գյուղատնտեսական աշխատանքներ են կատարելիս նկատել են սահմանի կողմից շարժվող անհայտ անձին:

Հանդիսանալով սահմանի պահպանության կամավոր ժողովրդական ջոկատի անդամներ, գյուղացիները օրինախախտին ձերբակալելու միջոցառումեր են ձեռնարկել՝ դրսեւորելով խիզախություն եւ վճռականություն: Մի քանի րոպե անց ժամանել է սահմանապահների խումբը, եւ վերջիններիս փոխանցել են օրինախախտին:

Տեղանքի զննման ժամանակ հաստատվել է, որ ձերբակալվածը Արաքս գետն անցել է լողալով: Գետի ափին հայտնաբերվել է վերջինիս սպորտային պայուսակը՝ անձնական իրերով:

Ձերբակալվածի խոսքով՝ վերջինս 1988թ. ծնված Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Եմամի Սատարան է: Նա ցանկացել է Իրանից ապօրինի անցնել Թուրքիայի Հանրապետություն՝ ընտանիքի հետ հանդիպելու նպատակով, որն ապրում է Վան քաղաքոմ, սակայն մոլորվել է:

Այդ նույն օրը քաղաքացուն սահմանված կարգով հանձնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ովքեր եւ կստուգեն տվյալ օրինախախտի  վարկածը եւ կճշտեն բոլոր հանգամանքները: