Զորավարժություններ անցկացնելու՝ ՆԱՏՕ-ի եւ Կիեւի մտադրությունը սպառնում է կասեցնել խաղաղ կարգավորման գործընթացում նկատվող առաջընթացը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Այս համատեքստում զարմանք են հարուցում մինչեւ այս տարեվերջ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ Կիեւի հետ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին ծրագրերը: Նման գործողություններն իսկապես կարող են հանգեցնել լարվածության սրման եւ վտանգի տակ դնել Ուկրաինայում խաղաղության գործընթացում նկատելի առաջընթացը»,- հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է նա:

Լուկաշեւիչի խոսքով, փորձում են Ռուսաստանի վրա գցել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը, դրանով էլ հիմնավորում են ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ակտիվության անհրաժեշտությունը:

«Բացի այդ, միանգամայն հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն նման հայտարարությունների եւ որոշումների միջոցով դեպի արեւելք դաշինքի ենթակառուցվածքների առաջխաղացման եւ ռուսական սահմանների մերձակայքում բլոկի ռազմական ներկայության ավելացման փորձ է անում, ինչին մենք համարժեք կարձագանքենք»,- Լուկաշեւիչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: