Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը սեպտեմբերի 10-ին օրինագիծ է ընդունել, որով դատապարտել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան, NEWS.am-ի հայտնել են Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից:  

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի վերին պալատում օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ֆրեդ Նայլը: Օրինագծում ներկայացված է իրադարձությունների ընթացքը, որոնց ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը  բազմիցս լրջորեն խախտել են հրադադարի ռեժիմը, որն էլ դարձել է ինը հայի մահվան պատճառ: Ադրբեջանի միջազգային դատապարտումը շարունակվում է` Ադրբեջանի վերջին գործողությունների եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների հետեւանքով,  որը վերջինս արել է «Twitter» սոցցանցով:

Այս օրինագիծը բխում է 2012 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կողմից ԼՂՀ-ի ճանաչումից: Ֆրեդ Նայլը եւ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ էին այցելել 2013 թ.: