Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսվում է ցուցակում եւս 24 մարդ ներառել: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Աղբյուրի համաձայն, նոր պատժամիջոցները մուտքի արգելք են սահմանելու եւ սառեցնելու են այն մարդկանց ակտիվները, ովքեր կապ ունեն Արեւելյան Ուկրաինայում մարտական գործողությունների հետ: Ցուցակում ներառվելու են նաեւ Ղրիմի կառավարության անդամները, ռուսաստանցի պաշտոնյաներ եւ օլիգարխներ: Այսպիսով, անձանց ընդհանուր թիվը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, 119-ն է լինելու, միաժամանակ, 23 ընկերությունների ակտիվներ շարունակելու են սառեցված մնալ:
Բացի այդ, ԵՄ քաղաքացիներն ու ընկերությունները չեն կարողանա վարկ տրամադրել ռուսական պետական խոշորագույն 5 բանկերի: Այդ բանկերը նաեւ կհեռացվեն ավելի քան 30 օր ժամկետով միջոցներ ներգրավելուց: Նման սահմանափակումներ ընդլայնվել են նաեւ ռուսական պաշտպանական 3 ընկերությունների ու 3 խոշորագույն էներգետիկ ընկերությունների հանդեպ: Ըստ «Պրավդա»-ի, արգելքը տարածվելու է նաեւ բրոքերների ծառայությունների վրա:
Կրկնակի նշանակության ապրանքների արտահանման եւ ռազմական նշանակության տեխնոլոգիաների արգելքը Ռուսաստանում ընդլայնվելու է 9 խառը պաշտպանական ձեռնարկությունների վրա, որոնք չպետք է Եվրամիությունից կրկնակի նշանակության ապրանքներ ստանան:
Նշենք, որ այսօր Եվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին:





























