Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության եւ իր բոլոր քայլերը բխում են հենց այդ տեսակետից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:

 Նա նշեց, որ դա նորմալ է երեւույթ է, քաղաքական ուժերը գործում են հենց դրա համար: Պատգամավորը շեշտեց, որ ամեն ուժ սահմանադրական բարեփոխումների մեջ տարբեր բաներ է տեսնում, մեկը՝ իշխանության վերարտադրում, մյուսը ՝  իր իշխանության գալու հնարավորություն: Թեւան Պողոսյանի փոխանցմամբ՝ քառյակի տարբեր ուժեր իրենց կարծիքներ են հայտնել: Հարցին, թե եթե սահմանադրական բարեփոխումներով ՀՀԿ-ն փորձում է վերարտադրվել, իսկ ՀՅԴ-ն կողմ է այդ փոփոխություններին, արդյոք սրանով ՀՅԴ-ն չի օգնում է իշխանությանը, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց. «Ասել, թե սրա պատճառով այս սենց է լինում, ճիշտ չէ, դրանք ընդամենը տարբեր տեղեկություններ, կարծիքներ են: Ամեն մեկը իրեն է օգնում, որ հենց ինքը գա իշխանության»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել է, որ իրենք կողմ են ցանկացած բարեփոխման, բայց դեմ են իշխանությունների վերարտադրությանը: Նշենք, որ քառյակում սահմանադրական փոփոխություններին կողմ է միայն ՀՅԴ-ն: