Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Արեւմուտքի պատժամիջոցներում դրականն ավելի շատ է, քան բացասականը: «Այնտեղ որոշակի տարրեր կան, որոնք բացասական են, սակայն եթե խնդիրը համալիր դիտարկենք, ապա դրականն ավելի շատ է, քան բացասականը», - լրագրողներին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ սա Ռուսաստանի ընտրությունը չէ, սակայն եթե որեւէ մեկը ցանկանում է աշխատել ՌԴ-ի հետ, ալընտրանք միշտ էլ կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտնի է դարձել, որ ԵՄ-ն պատժամիջոցների նոր ալիքի շրջանակներում սահմանափակել է երեք նավթագազային ընկերությունների՝ «Ռոսնեֆթի», «Տրանսնեֆթի» «Գազպրոմ նեֆթի», ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքներ եւ ռազմական տեխնոլոգիաներ արտադրող պաշտպանական ընկերությունների մուտքը ԵՄ-ի կապիտալի շուկա: Բացի այդ ցուցակում Ուկրաինայից եւ Ռուսաստանից եւս 24 ֆիզանձ է ընդգրվել. «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Վլադիմիր Ժիրինովսկին, պետդումայի պատգամավորներ  Վլադիմիր Վասիլիեւը, Իվան Մենիկովը, Օլեգ Լեբեդեւը, Նիկոլայ Լեւիչեւը, Սվետլանա Ժուրովան եւ ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն: Այսպիսով, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել է մինչեւ 119 մարդ: