Ադրբեջանցի մասնագետները ցանկություն են հայտնել ավելի մանրամասն ծանոթանալ կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման հայկական փորձին` այն փոխ առնելու նպատակով: Այդ մասին երեկ Ծաղկաձորում հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի փոխտնօրեն Աստղիկ Միրզախանյանը: Տիկ. Միրզախանյանը նշել է, որ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ ներկայում գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ` հիմնված սերունդների համերաշխության սկզբունքի վրա, միայն Հայաստանն է, որ նախապատրաստվում է պարտադիր կենսաթոշակային ապահովագրմանը:
Սակայն Միրզախանյանը նշել է, որ Ադրբեջանի կենսաթոշակային համակարգում ներկա դրությամբ բարեփոխումներն ավելի առաջ են ընթացել, այնինչ Հայաստանը կեսից կանգ առավ: «Ադրբեջանը մինչև վերջ հասցրեց բաշխողական համակարգի բարեփոխման ծրագիրը, բայց ստիպված եղավ ՀՆԱ-ի 5.2 տոկոսի չափով կենսաթոշակ վճարել, մի բան, որ մեզ թույլ տալ չէինք կարող, ուստի բարեփոխումների կեսից կանգ առանք»,- նշեց Միրզախանյանը: Բացի այդ` Ադրբեջանը ամբողջովին համակարգչայնացրել է համակարգը, այնինչ Հայաստանի տարածքային ստորաբաժանումներից շատերում թղթապանակները դարսելու տեղ չկա նույնիսկ:
Ներկայում Ադրբեջանում միջին կենսաթոշակը 125 դոլար է, Հայաստանում` 68 դոլար, Վրաստանում` 46 դոլար: Հայաստանը կենսաթոշակների համար ծախսում է իր ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, Վրաստանը` 3.7 տոկոսը:
Համեմատության համար` եվրոպական երկրներում կենսաթոշակային ծախսը հասնում է ՀՆԱ-ի 12-14 տոկոսին: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն ասում է, որ այդ շռայլ համակարգերը ցնցումների դեպքում պահել չի հաջողվում: Վերջին ճգնաժամի հետեւանքով եվրոպական երկրների մեծ մասում կամ իջեցրել են կենսաթոշակի չափը, կամ բարձրացրել են կենսաթոշակային տարիքը, կամ փոփոխել են կենսաթոշակի հաշվարկման չափը` ի վնաս թոշակառուի: Օրինակ, Գերմանիայում կենսաթոշակի տարիքը 61-ից միանգամից բարձրացվել է 67-ի:


























