Նախագահի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 7-ին սկսված «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հացադուլին եւս 6 ԱԻՄ-ականներ են միացել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը (ֆոտոռեպորտաժ):

«Բոլորս հորդորում ենք Սերժ Սարգսյանին ողջախոհություն դրսեւորել, հասկանալ, որ աշխարհի ոչ  մի երկրում այսքան ձախողումներ ապրած պաշտոնյա իշխանության չէր մնա, կամավոր կհեռանար: Մեր հորդորը կարող է պահանջի տեսք ստանալ, եթե մեր քաղաքացիները, ովքեր համամիտ են մեզ հետ, ոչ միայն իրենց խոհանոցում բողոքեն, այլ մեզ հետ լինեն»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ իր հացադուլին են միացել ԱԻՄ-ականներ Վրեժ Զատիկյանը, Սեւան Կալոշյանը, Կարինե Ստեփանյանը, Հայկ Բաղդասարյանը, Երվանդ Փահլեվանյանը, Սուսաննա Գրիգորյանը:

Հավաքին մասնակցում էին մոտ երեք տասնյակ քաղաքացիներ, որոնց սակավաթիվ լինելը Պարույր Հայրիկյանը բացատրեց նրանով, որ իրենք հավաքի մասին նախապես պատշաճ կերպով չեն իրազեկել: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ շատերը վախենում են միանալ իրենց, քանի որ վախենում են՝ էլի կկրակեն իր վրա, կրակոցն իրենց էլ կդիպչի:

«Բողոքին չմիացած մարդկանց հիմնական մասը սպասում է, որ ինչպես 1991թ, այնպես էլ հիմա ԱԻՄ-ը կանի ամեն ինչ, իսկ իրենք կգնան կքվեարկեն, երբ դրա պահը գա»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ իրենք հացադուլի ամբողջ ընթացքում նախագահի նստավայրի դիմաց չեն եղել, քանի որ բողոքի ակցիայի հետ միաժամանակ ընթացիկ աշխատանքներ են կատարել:

«Ես անբան չեմ, պարապ-սարապ մարդ չեմ, որ իմ բողոքն անպայման ուղեկցեմ ծուլությամբ: Մենք մեր բողոքն անում էինք, միեւնույն ժամանակ, կատարում էինք մեր ընթացիկ աշխատանքները: Մեր բողոքի հացադուլն ունի հասցեատեր, ունի վկա: Ես հավատում եմ, որ հրեշտակները վերեւից հետեւում են մեր բողոքի դրսեւորմանը եւ նրանց է, որ մենք հաշվետու ենք ամենից առաջ»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ հացադուլի 5 օրերի ընթացքում իրենք եղել են Հայաստանի 12 սրբավայրերում, հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդին։

Հայրիկյանի խոսքով՝ իրենք հացադուլը համընկեցրել են եկեղեցական Խաչվերաց տաղավար տոնին ընդառաջ պահվող պահքի շրջանի հետ, ու թեեւ իրենք, ըստ հայկական ավանդության, պետք է այսօրվա ժամերգությունից հետո դադարեցնեին հացադուլը, բայց չեն դադարեցնի, քանի որ այն ոչ միայն ծոմ է, այլեւ բողոքի հացադուլ:

«Քանի որ ընկերներս շարունակելու կողմնակից են,  մենք միասին կշարունակենք եւ վաղը պատարագից հետո որոշում կընդունենք: Հավանաբար մեր 7 հոգանոց հացադուլը կավարտենք վաղը»,- ասաց նա՝ նշելով, որ հացադուլն իր նպատակին հասել է, իրենք կարողացել են ցույց տալ, որ կարելի է հացադուլ անել կանոններով եւ 5 օր անց լինել աշխատունակ վիճակում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am