Ջրային կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է, որ Արփա-Սեւան թունելի վերանորոգումը կիրականացվի Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի միջոցով: Արդեն հայտարարվել է միջազգային մրցույթ շինարարական կազմակերպության ընտրության համար, որի արդյուքները կհրապարակվեն հուլիսի վերջին: Աբու Դաբիի հիմնադրամը հատկացնելու է վարկ` 10 մլն դոլար, 3.4 տարեկան տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 5 տարի` արտոնյալ ժամկետ:

Ա. Անդրեսյանն ասաց, որ այս հիմնադրամն առաջին անգամ է Հայաստանում ծրագիր իրականացնում: «Կարծում եմ` սա հնարավորություն է Էմիրաթների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- NEWS.am-ին հույս հայտնեց Ա. Անդրեասյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայում Արփա-Սեւան թունելը գործում է, եւ արդեն 180 մլն խոր. մետր ջուր է մղել Կեչուտի համակարգից դեպի Սեւան: Իսկ քանի որ ոոռոգման ջրի նկատմամբ պահանջարկը մեծ չէ, Սեւանի մակարդակը հասել է 1901 մետր նիշին, ինչը, ըստ Անդրեասյանի, մոտավորապես 60-ական թ.թ. մակարդակն է: