Պակիստանի արտգործնախարար Շահ Մեհմուդ Կուրեշին հայտարարել է, թե Իսլամաբադը կշարունակի Իրանից եկող գազատարի կառուցումը, չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին եւ ԱՄՆ-ի նախազգուշացումներին:
«Գազատարի կառուցումը շարունակվելու է, չնայած Իրանի դեմ պատժամիջոցներին»,- հայտարարել է Կուրեշին: Մի քանի ժամ ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքը խորհուրդ էր տվել Պակիստանին չմասնակցել գազատարի կառուցմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոլբրուքը հստակեցրել է, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը Իրանին օգնող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրենքների փաթեթ է ընդունելու: Պակիստանում, սակայն, նշել են, որ գազատարն անհրաժեշտ է էներգակիրների անբավարարության պատճառով:
Իրանն ու Պակիստանն այս տարվա հունիսին համաձայնագիր են ստորագրել իրանական բնական գազը Պակիստան առաքելու մասին: Համաձայն փաստաթղթի՝ գազատարի շինարարությունը պետք է ավարտվի 2014թ.,եւ Պակիստանը կարող է տարեկան ստանալ 7,8 մլրդ խմ գազ:




























