Արցախի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն, այսօր՝ սեպտեմբեի 24-ին, շրջվարչակազմերի ղեկավարների եւ գյուղատնտեսության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված աշնանացանի աշխատանքներին:

Վարչապետը նախ անդրադարձել է անցնող տարվա բերքահավաքի արդյունքներին` նշելով, որ, բացի բնակլիմայական պայմաններից, ցածր բերքատվության հիմնական պատճառներից էր նաեւ սխալ ագրոկանոններով հողամշակությունը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ճիշտ ցանքաշրջանառությանը, ինչպես նաեւ բազմամյա եւ գարնանացան այնպիսի մշակաբույսերի վրա, որոնք տարիների ընթացքում դրսեւորվել են որպես դիմացկուն եւ արդյունավետ կուլտուրաներ: Նա մատնացույց է արել արեւածաղիկը, որը, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, ընթացիկ տարում բարձր բերք է ապահովել: Վարչապետը հավելել է, որ գալիք տարում այդ նպատակով նախատեսվում է մինչեւ 20 հազար հեկտարի վրա գարնանացան աշխատանքներ իրականացնել:

Անդրադառնալով արդեն ընթացքում գտնվող աշնանացանի աշխատանքներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը այս տարվա համար նախատեսում է պետական աջակցության շրջանակներում, բացի հատկացվող դիզվառելիքից, համայնքային վարչական տարածքներում գտնվող սեփականաշնորված հողերի մեկ հեկտարի հաշվով տրամադրել մինչեւ 80 հազար դրամ անտոկոս փոխառություն՝ մեկ տարի ժամկետով, իսկ պետական պահուստային հողերից մինչեւ տասը հեկտար եւ համայնքային հողերի վարձակալներին՝ մինչեւ 50 հազար դրամ վեց տոկոս տոկոսադրույքով: Վարչապետի խոսքով՝ նշված հայտերը բավարարելուց հետո, շրջվարչակազմի ղեկավարների միջնորդությամբ, հնարավոր կլինի բավարարել նաեւ ավելի խոշոր վարձակալների հայտերը: Նախատեսվող աջակցություններից կարող են օգտվել նաեւ բոլոր այն հողօգտագործողները, ովքեր «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ չունեն ժամկետանց պարտավորություններ: