Ստեփանակերտի քաղաքապետարանի դիմաց ակցիա է անցկացվել հոկտեմբերի 1-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։  Քաղաքապետի որոշմամբ  հոկտեմբերի 1-ից ուղեվարձը 70 դրամից նախատեսվում է դարձնել 100 դրամ։ Հայտարարությունը փակցված է նաեւ ներքաղաքային ավտոբուսներում։

Ըստ karabakh-open-ի՝ մասնակիցներից շուրջ 20 հոգի բարձրացել են դահլիճ, սակայն քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, տեսնելով լրագրողներին,  հրահանգել է դուրս գալ  դահլիճից։ Լրագրողները չեն համաձայնվել հեռանալ, իրենց անհամաձայնությունն են արտահայտել նաեւ ակտիվիստները՝ անիմաստ համարելով առանց լուսաբանման քննարկումները։ Քաղաքապետը, լսելով ակտիվիստների նման դիրքորոշումը, դուրս է հրավիրել նաեւ բոլոր մասնակիցներին։

Ակցիայի կազմակերպիչներից Հայկ Խանումյանի խոսքով՝ նախաձեռնող խմբերը վճռական են բողոքի ակցիաները շարունակելը, ցանկալի արդյունքին հասնելու համար: «Արցախի բոլոր մակարդակի իշխանությունները պետք է կարողանան լսել հասարակությանը, որոշումներ ընդունելիս հաշվի առնեն հանրության կարծիքը, հանրությունն Արցախում պետք է դառնա ուժեղ եւ ազդեցիկ:

Պաշտոնյաները, հատկապես ընտրովի պաշտոն զբաղեցնողները, պետք է ավելի հաճախ շփվեն ժողովրդի հետ, հրաժարվեն կոպիտ եւ վերջնագրային տոնով խոսելուց»,-ասել է Խանումյանը: