Ադրբեջանի իշխանությունները հետեւելու են լրատվամիջոցներով պաշտպանական բնույթի տեղեկատվության տարածմանը:
Ըստ ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծին սահմանամերձ տարածքների անվտանգության միջոցառումները խստացնելու, զանգվածային լրատվամիջոցներով եւ ինտերնետային միջոցներով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերով պաշտպանական տեսակետից հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների տեղաշարժի եւ տեղակայման, մարտական միավորումների ռազմավարական, օպերատիվ եւ մոբիլիզացիոն տեղակայման, անձնակազմի թվաքանակի, ինչպես նաեւ «Պետական գաղտնիքի մասին» օրենքին համապատասխան ռազմական ոլորտի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածումը կանխարգելելու նպատակով, 1998 թվականի հունվարի 9-ի հրամանագրով ստեղծված պաշտպանության հարցերի համակարգող խորհուրդներին հանձնարարված է, շփման գծին սահմանամերձ տարածքներում պաշտպանությունն ամրապնդելու եւ բնակչության զգոնությունը բարձրացնելու նպատակով, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ այդ գոտիների տեղական բնակչության շրջանում կամավորներից պարեկային ջոկատներ ձեւավորելու համար»:
Նախարարների կաբինետին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում պատրաստել եւ նախագահին ներկայացնել 1994թ. ընդունված «Ռազմական դրության մասին» օրենքի նոր խմբագրումը (որը ենթադրում է նաեւ հատուկ ռեժիմ այն տարածքներում, որտեղ սահմանամերձ զորամասեր են տեղակայված); մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի նախագահին առաջարկություններ ներկայացնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման համար պատասխանատվության խստացման վերաբերյալ; մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել եւ հաստատել սահմանամերձ գոտի լրագրողների ծառայողական գործողումներն ու հավատարմագրերը պաշտպանության նախարարության հետ համաձայնեցման կանոնները:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հանձնարարվել է սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի բնակիչների հետ բացատրական աշխատանքներ կազմակերպել զորքերի տեղաշարժի, ռազմա-քաղաքական եւ օպերատիվ պայմանների եւ այլ տեղեկությունների տարածման անթույլատրելիության մասին, որոնք կարող են վնաս հասցնել ռազմական ոլորտում Ադրբեջանի ազգային անվտանգությանը; կենտրոնական գործադիր իշխանությունների եւ տվյալ մարմինների մամուլի ծառայությունների հետ համատեղ կազմակերպել մամուլի ծառայությունների աշխատանքների կատարելագործման կուրսեր՝ ինտերնետային միջոցները, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով՝ ռազմա-քաղաքական եւ օպերատիվ պայմանների մասին տեղեկություններ տարածելու համար:
Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել մամուլի ծառայության գործունեության օպերատիվությունը բարձրացնելու նպատակով՝ սահմանամերձ գոտու իրադրության մասին տեղեկությունները ներկայացնելու համար; ապահովել զանգվածային լչատվամիջոցներով եւ ինտերնետային միջոցներով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով սահմանամերձ գոտու իրավիճակի մասին տարածվող տեղեկությունների մշտադիտարկում եւ բացահայտելով անձանց, ովքեր «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են տարածում՝ նրանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկել: Ադրբեջանի տպագրության խորհրդին խորհուրդ է տրվում լրատվամիջոցների եւ բնակչության շրջանում քարոզչա-տեղեկատվական աշխատանքներ իրականացնել՝ կանխելու համար լրատվամիջոցներով, ինտերնետային միջոցներով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով տեղեկությունների տարածումը, որոնք կարող են վնաս հասցնել ռազմական ոլորտում Ադրբեջանի ազգային անվտանգությանը:




























