Պետական դումայում սեպտեմբերի 24-ին օրինագիծ է ներկայացվել, որով պարզեցվում է այլ պետության քաղաքացիության մասին ծանուցման կարգը արտերկրում բնակվող կամ հիվանդանոցում հայտնված ռուսաստանցիների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ օգոստոսից օրենք է գործում, որի համաձայն ռուսաստանցիները տուգանքի վտանգի ներքո պետք է ծանուցեն միգրացիոն ծառայությանը այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին: Ընդ որում իշխանություններին երկքաղաքացիության մասին հարկավոր է տեղեկացնել երկու ամսվա ընթացքում օրենքը գործելուց ի վեր, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Նոր օրինագծի համաձայն՝ արտերկրում բնակվող ռուսները կարող են ծանուցել երկքաղաքացիության մասին նաեւ հոկտեմբերի 4-ից հետո. Նրանք կարող են դա անել Ռուսաստան վերադարձից հետո 30 օրվա ընթացքում, իսկ եթե քաղաքացին ապրելու է այնտեղ մշտապես՝ 60 օրվա ընթացքում: Եթե մարդը գտնվում է հիվանդանոցում, նա կարող է մեկ ուրիշին խնդրել հաղորդել իր երկքաղաքացիության մասին: Դրա համար հարկավոր է հավատարմագիր ձեւակերպել՝ հաստատելով նոտարի կամ գլխավոր բժշկի մոտ: