Այսօրվա իշխանություններն օրակարգում մեկ խնդիր ունեն՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իշխանությունների վերարատադրության հարցը, եւ եւս 10 տարի ապահովել Հանրապետական կուսակցության դիկտատուրան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքում ոչ իշխանական ուժերի առաջին մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Սա նշանակում է եւս 10 տարի դիմակայել այս ճնշումներին: Վերջին օրերի մի անկեդոտ՝ եթե ձեր ընտանիքը վատ է ապրում, մի հավատացեք, եթե ձեր երեխաները սոված են, մի հավատացեք, որովհետեւ միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ մենք  ամենաբարեկեցիկ  ապրող ազգերից ենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտողարը նշեց, որ Եվրոպական միության դեսպաններից մեկն իրեն ցույց է տվել եվրոպական երկրներում ապաստան փնտրող Հայաստանի քաղաքացիների դոսյեները, որոնք ապշեցրել են իրեն. «Ես ինքս զարմացա թե ինչ պատճառաբանություններ են բերում մարդիկ,  որովհետեւ այլեւս չեն կարող հանդուրժել այս կլանը, այս մենաշնորհը»:

Նա բոլորին կոչ արեց միանալ իրենց եւ պայքարել Հայաստանում անարդարությունն ու կրիմինալը վերացնելու համար:

Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց նաև, որ տարիներ առաջ ՀՀԿ իդեոլոգները իրենց մեղադրում էին  հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու մեջ:

«Այն մարդիկ, որոնք տարիներ առաջ մեզ մեղադրում էին, այժմ հենց իրենք են փորձում հանրությանը համոզել, որ խորհրդարանական համակարգը լավագույնն է: Առաջ նրանք մեզ ասում էին, որ այդ ճանապարհով իշխանության են եկել ֆաշիստները: Հիմա իրենք են փորձում նույնը անել՝ ձևավորել կեղծ օրակարգ և 10 տարով երկարացնել իրենց բռնապետությունը»,- ասաց ԲՀԿ քարտուղարը: