Հայաստանի կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանի կառավարության եւ Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջեւ: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ԱԶԳ-ի կողմից` գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը:
Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլեւ Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին եւ պետական այլ կառույցներին։
Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին եւ մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձեւավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարության եւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի անունից շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին՝ Կարգավորիչ գիլյոտին ծրագրին՝ ստեղծման առաջին օրվանից աջակցելու համար: Դավիթ Հարությունյանը կարեւորել է ԱԶԳ-ի, իբրեւ ծրագրի հիմնական դոնորի, աննախադեպ՝ ավելի քան 1մլն եվրո աջակցությունը։
ԱԶԳ գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերն իր հերթին կարեւորել է Կարգավորիչ գիլյոտինի գործունեությունը՝ Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումների համատեքստում։ «Մենք վստահ ենք, որ երկրորդ փուլը հիմնովին կնպաստի վարչարարության կրճատմանը եւ կստեղծի ծառայությունների ժամանակակից մոդելներ մաքսային, կառուցապատման եւ մի շարք այլ ոլորոտներում։ Այսպիսի բարենպաստ միջավայրը կխթանի ներդրումների ներգրավումը, ինչն էլ իր հերթին կբարելավի քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է Մարտին Լեդոլտերը։



























