Աբովյան քաղաքի հրապարակից սկսվում է ազատագրական հեղափոխություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Աբովյանում կայացած ոչ իշխանական եռյակի առաջին մարզային իրազեկման հանրահավաքին ասաց ՀԱԿԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
«Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի, մենք խոսում ենք խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին։ Այսօր Հայաստանում իշխում են մի քանի ավազակներ, շահամոլներ, գողեր, ովքեր պետական իշխանության լծակները օգտագործել են սեփական հարստացման նպատակով, ովքեր խեղդում են զարգանալու, ստեղծագործելու, գործ դնելու ցանկացած հնարավորություն»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը։
Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում իշխանությունները ժողովրդից գողանում են տարեկան 2.5 մլրդ դոլար. «Ընդ որում, 1.7 մլրդ-ը՝ մինչև բյուջեն հավաքելը, այսինքն, այդ ատկատների, ձախ հարկերի միջոցով, 750 մլն-ն էլ ուղղակի գողանում են բյուջեի փողերից»։
Զուրաբյանը ներկայիս իշխանությունների որակը առաջարկեց գնահատել նրանց վարած կադրային քաղաքականությամբ. «Եկեք նայեք Լիսկային. կնոջը հանրային վայրում ծեծող մարդուն բերում, նշանակում են մարզպետ: Գող, ավազակ, մարդասպան. այդ է մեր իշխանություան որակը։ Այստեղ միտք հնչեց, որ եթե Հովիկ Աբրահամյանը հեռանա, նրան փոխարինելու է Գալուստ Սահակյանը, Արմեն, սխալվում ես, նրան փոխարինելու է Լիսկան: Շմայսները, Լիսկաները՝ նրանք են ստանալու ավելի բարձր պաշտոններ»:
Կառավության փոփոխությունը, ըստ Զուրաբյանի, ոչինչ չի փոխի, երկիրը կսկսի զարգանալ միայն այն դեպքում, երբ հեռանա Սերժ Սարգսյանը։




























