Բելառուսական պատվիրակությունը Մոսկվայում գազի դիմաց իր պարտքը մարելու հարցի շուրջ բանակցությունների ժամանակ որեւէ հստակ պատասխան չի տվել եւ արդեն մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Նրա խոսքով՝ չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին, բելառուսական կողմը հունիսի 22-ի առավոտյան կապի մեջ չի մտել ռուսական գործընկերների հետ: Դրա փոխարեն նամակ է ստացվել Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյից, որտեղ եւս որեւէ կոնկրետ պատասխան չկա ռուսական կողմի հարցերին:

«Նամակի վերջում կա սպառնալիք, որ եթե նվազեցվի գազի մատակարարումը, Բելառուսը քայլեր կձեռնարկի գազ ստանալու ուղղությամբ իր սպառողների պահանջմունքները բավարարելու համար»,- ասել է նա:

«Գազպրոմի» կառավարչի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել է, որ «Գազպրոմը» պատրաստ է հրավիրել եվրոպական դիտորդներ, որոնք կվերահսկեն գազի բելառուսական տարանցումը:

Ավելի վաղ, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ իրենք հունիսի 23-ից գազի մատակարարումը Բելառուսին կնվազեցնեն մինչեւ 60 տոկոսի: