ՀՀ Կենտրոնական բանկի այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի բանկային համակարգում 2008 թ. արձանագրվել է տնտեսությանը տրամադրած վարկերի 51 տոկոս աճ, 2009 թ.` 14 տոկոս աճ, 2010 թ. առաջին 5 ամիսներին` 6 տոկոս աճ: 2010 թ. կրկին ակտիվացել է սպառողական վարկավորումը, որը 2009 թ. նվազել էր 22 տոկոսով:

2010 թ. առաջին ամիսներին վարկերի աճի տեմպի էական նվազումը ԿԲ-ում նորմալ են համարում: Հաղորդագրությունում նշված է, որ տնտեսության վարկավորումն ակտիվանում է հատկապես տարվա երկրորդ կեսին, որը պայմանավորված է ամառային ամիսներին սեզոնային ակտիվացմամբ, ամանորյա օրերին սպառողական վարկերի կտրուկ աճով եւ այլն: «2010 թ. հաջորդ ամիսներին կանխատեսվում է վարկավորման աճի տեմպերի ավելացում»,-կանխատեսել են ԿԲ-ում:

Սակայն 8.8 տոկոս տնտեսական աճի պարագայում վարկավորման 6 տոկոս աճը բավարար համարել չի կարելի: Այս անհամամասնությունը հերթական անգամ վկայում է տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների միջեւ խզվածության մասին: